Շվեդիայում քաղաքապետարանը ռոբոտ է «վարձել» աշխատակիցների ընտրության համար
Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող Ուպլանդս Բրուի քաղաքային վարչությունը ասշխատակիցներին կընտրի ռոբոտի հետ հարցազրույցի արդյունքներով: Առաջին թափուր տեղը, որը պետք է ռոբոտը փակի, համացանցային նախագծերի համակարգողի հաստիքն է: Քաղաքապետարանը հույս ունի, որ այս կերպ կհաջողվի ընտրել ամենաարժանավոր թեկնածուներին, եւ գործընթացի վրա չի ազդի մարդկային գործոնը, փոխանցում է «Եվրապուլսը»:
Հարցազրույց անցկացնող Tengai ռոբոտը մշակել են Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի ռոբոտաշինության մասնագետները՝ շվեդական TNG գործակալության հետ համատեղ: Ռոբոտի խնդիրն է գնահատել թեկնածուի պրակտիկ հմտությունները: Ռոբոտը հաշվի չի առնում թեկնածուի սեռը եւ տարիքը, ուշադրություն չի դարձնում նրա ընտանեկան դրության կամ հոբբիի վրա:
Եթե ռոբոտն իր խնդիրը կատարի, այն կարող են իրենց զինանոց վերցնել նաեւ կոմերցիոն ընկերությունները:
Մշակողները նշում են, որ Tengai-ն օգտակար կլինի մեծ ընկերությունների համար եւ հեռու գտնվող աշխատանքի համար աշխատողներ վարձելու նպատակով: Իսկ փոքր ընկերությունների համար աշխատակիցների անձնական որակների կարեւորությունը չափից ավելի մեծ է, որ դրա գնահատումը վստահեն ռոբոտին: