ԱՄՆ-ը կամրապնդի Կիպրոսի հետ հարաբերությունները՝ ազդանշան ուղարկելով Թուրքիային
ԱՄՆ-ը կամրապնդի Կիպրոսի հետ գործընկերային հարաբերությունները՝ ազդանշան ուղարկելով Թուրքիային, գրում է Ahval-ը:
Կիպրոսի կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն հայտարարել է, որ Վաշինգտոնը ջերմ է վերաբերվում Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի միջեւ գործընկերությանը, որը նպաստում է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում կայունությանն ու անվտանգությանը, հաղորդում է San Francisco Chronicle պարբերականը:
Պրոդրոմուն հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Պալմերի հետ:
Հունաստանը, Իսրայելն ու Կիպրոսն ամրապնդում են կապերը՝ ձգտելով օգտվել ածխաջրածնային հսկայական պաշարներից, որոնք հայտնաբերվել են Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Սակայն Թուրքիան դեմ է Կիպրոսի կղզիների մոտ հորատման ծրագրերին:
Անկարան հայտարարում է, որ Հունաստանի վարչակազմը խախտում է կիպրոսցի թուրքերի իրավունքները՝ շահագործելով պաշարները: Թուրքիայի կառավարությունը նաեւ վիճարկում է Կիպրոսի տնտեսական գոտին:
Պրոդրոմուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում են, որ Թուրքիան զերծ կմնա անօրինական գործողություններից այն ջրերում, որտեղ Կիպրոսը բացառիկ տնտեսական իրավունքներ ունի:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հարավային Եվրոպայի հարցերով տնօրեն Յուրի Կիմը հայտարարել էր, որ Կիպրոսի եւ Հունաստանի հետ կապերի ամրապնդումը Միացյալ Նահանգներին թույլ կտա հասնել տարածաշրջանում իր նպատակներին: