ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է․ Վլադիմիր Կարապետյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը շատ կարևոր միջոցառում է, և մենք իսկապես կարծում ենք, որ նման միջոցառումներին մեր մասնակցությունը ամենաբարձր մակարդակով ապահովելը շատ կարևոր է մեր առաջնահերթությունների համար։ Բացի դրանից և բոլոր ծրագրային հանդիպումներից, որ տեղի կունենան վաղը, այսօր վարչապետը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա կանոնավոր հանդիպումների շարքում է։ Վերջերս նույնպես Նուր-Սուլթանում տեղի ունեցավ երկկողմ աշխատանքային հանդիպում Պուտինի հետ, և այսօր արդեն՝ պաշտոնական հանդիպում։ Անդրադարձան երկկող օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»,- ասել է Կարապետյանը։
Վարչապետի խոսնակը նշել է, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»։
Կարապետյանի խոսքով՝ հանդիպումն անցել է շատ բարեկամական մթնոլորտում․ «Մթնոլորտը շատ բարեկամական էր, կողմերը տրամադրված էին լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որտեղ կա հետաքրքրություն։ Եվ հանձնարարականներ տրվեցին նաև թե միջկառավարական հանձնաժողովին՝ շարունակելու աշխատանքները, թե հատուկ խմբեր ձևավորելու՝ նաև այլ հարցերի շուրջ, որտեղ կա կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու անհրաժեշտություն»։