Ֆրանսիան մեծացնում է զենքի արտահանումը
2018 թվականին ֆրանսիական սպառազինության արտահանման գումարը 2017-ի համեմատությամբ 30 տոկոսով աճել է: Այս մասին իր ամենամյա զեկույցում հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: 2018 թվականին Ֆրանսիան վաճառել է ավելի քան 9 մլրդ եվրոյի զենք: Պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի խոսքով՝ «վերջին 20 տարում սա լավագույն ցուցանիշներից մեկն է»: Նա «ողջունել է վաճառքի վերակողմնորոշումը»՝ շեշտելով, որ 2018-ին «եվրոպացի գործընկերներին» ֆրանսիական զենքի մատակարարումները կազմել են 25 տոկոս, այլ ոչ թե 10 տոկոս, ինչպես անցյալ տարիներին, փոխանցում է Euronews-ը:
Սակայն Ֆրանսիայից զենքի գլխավոր ներմուծող են շարունակում մնալ Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան եւ Կատարը: Եմենում ռազմական հակամարտությանը մասնակցող Սաուդյան Արաբիան անցյալ տարի 50 տոկոսով մեծացրել է ֆրանսիական ռազմական տեխնիկայի գնումները: Իսկ Կատարը պատվիրել է Rafale կործանիչներ եւ NH90 բազմանպատակային ուղղաթիռներ՝ մոտ 2,4 մլրդ եվրո ընդհանուր գումարով:
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարում է, որ իր զենքի վաճառքը կարգավորվում է խիստ ընթացակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային պայմանագրերին: Պաշտպանության նախարարության զեկույցում նշվում է երաշխիքներ ստանալու մասին, որ Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին վաճառվող զենքը չի օգտագործվի Եմենի հակամարտությունում խաղաղ բնակիչների դեմ:
Սակայն հասարակական կազմակերպությունները բազմիցս հանդես են եկել Փարիզի քննադատությամբ՝ նշելով, որ նրա զենքից զոհվում են խաղաղ եմենցիներ, եւ կառավարությանը կոչ են անում դադարեցնել արաբական պետություններին աջակցությունը: