ԱՄՆ-ում ինքնահռչակ առաքյալը ձերբակալվել է երեխաների բռնաբարության մեղադրանքով
Մեքսիկայում եկեղեցու (մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում) ինքնահռչակ առաքյալ և առաջնորդը մեղադրվում է Կալիֆոռնիայում մարդկանց առևտրի և երեխաներին բռնաբարելու մեջ, փոխանցում է AP-ն:
La Luz del Mundo եկեղեցին գլխավորող Նաասոն Խոակին Գարսիան և նրա հետևորդը ձերբակալվել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում, հայտնել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քսավյե Բեսերի գրասենյակը: Ավելի ուշ ձերբակալվել է ևս մեկ հետևորդ, իսկ մյուսը հետախուզման մեջ է:
50-ամյա Գարսիային 25 քրեական հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել՝ սկսած մարդկանց վաճառքից և մանկական պոռնոգրաֆիայի արտադրությունից մինչև անչափահասի բռնաբարություն: Նրա զոհերի թվում են 3 աղջիկ և մեկ կին:
Քրիստոնեական ֆունդամենտալիստական եկեղեցին, որի անունը նշվում է որպես «Աշխարհի լույս», հիմնադրվել է 1926 թվականին Գարսիայի պապի կողմից և ունի ավելի քան 1 մլն հետևորդ:
Գարսիայի հայրը՝ Սեմյուել Խոակին Ֆլորեսը, ժամանակին ղեկավարել է եկեղեցին և նույնպես իրեն համարում էր Աստծո սուրհանդակ: Նախկինում նրան ևս մեղադրել են 1997-2004 թվականներին կատարած նույնպիսի չարաշահումների մեջ: Սակայն Մեքսիկայի իշխանությունները երբեք երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքներ չեն առաջադրել:
La Luz del Mundo-ի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ 58 երկրում կա ավելի քան 15 հազար եկեղեցի: Եկեղեցու հետևորդները պետք է հետևեն բարոյական խիստ կոդեքսի՝ հավերժական փրկության խոստման դիմաց:
Իշխանությունների խոսքով՝ Գարսիան զոհերին ստիպում էր սեռական ակտեր կատարել՝ հայտարարելով, որ եթե հրաժարվեն կխախտեն Աստծո կամքը: