Նազենի Ղարիբյանը չի զբաղեցնի Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը
Նազենի Ղարիբյանը այլևս չի զբաղեցնի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։
News.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ավանդաբար մշակույթի բոլոր նախարարներն են եղել Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահը, այժմ քանի որ ինքը չի զբաղեցնելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, չի լինի նաև Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմաբ Արայիկ Խզմալյանն է նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
«Ես չեմ զբաղեցնի մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարարի պաշտոնը, հետևաբար չեմ լինի նաև Օպերայի կառավարման խորհրդի նախագահ»,- նշեց Նազենի Ղարիբյանը։
Նա նաև շեշտեց՝ կառավարման այլ խորհուրդների նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի. «Ես նաև Խորեոգրաֆիայի պետական թատրոնի, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կառավարման խորհուրդների նախագահն եմ, բայց ինքնըստինքյան ես էլ չեմ լինի այդ խորհուրդների նախագահ»։
Հիշեցնենք, որ թատրոնի կոլեկտիվը մեծ դժգոհությամբ էր արձագանքել կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը։