Բեռլինի կարծիքով՝ Հունաստանի ռազմատուգանքների հարցը վաղուց լուծված է
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Հունաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմատուգանքների հարցը կարգավորված է։ Նախօրեին Աթենքը նոտա էր հղել Բեռլին՝ պահանջելով բանակցություններ սկսել փոխհատուցում վճարելու մասին, տեղեկացնում է AP-ը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ռայներ Բրեուլն ասել է, որ ԱԳՆ-ն ուսումնասիրում է նոտայի բովանդակությունը։ Բայց նա ավելացրել է, որ «Գերմանիայի կառավարության հիմնարար դիրքորոշումը չի փոխվել», այն է. «ռազմատուգանքների հարցը լուծված է իրավաբանորեն եւ քաղաքականապես»։
Հունաստանի խորհրդարանական կոմիտեն 2016-ին հաշվարկել է, որ Հունաստանը կարող է պահանջել նվազագույն փոխհատուցում 292 մլրդ եվրոյի չափով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայի դիմաց եւ հավելյալ 9,2 մլրդ եվրո Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված։ Հունաստանի կառավարությունը որոշում է ընդունել գործել այս եզրահանգումներին համապատասխան։