Թրամփը հերքել է Փհենյանի նախկին բանագնացի մահապատժի մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների հարցով հյուսիսկորեացի նախկին բանագնացը մահապատժի է ենթարկվել, հաղորդում է AP-ը:
Հարավկորեական Chosun Ilbo պարբերականը վերջերս հայտնել էր, որ նախկին բանագնաց Կիմ Յոն Չհոլը մահապատժի է ենթարկվել այս տարվա փետրվարին Թրամփ-Կիմ Չեն Ին ձախողված հանդիպումից հետո:
Թրամփի խոսքով՝ դա սխալ տեղեկություն է, քանի որ այդ մարդը վերջերս հայտնվել է հանրության առաջ: Նա նշել է, որ անհամբեր սպասում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը: ԱՄՆ նախագահը կարծում է, որ Հյուսիսային Կորեան ցանկանում է գործարք կնքել, որով կհրաժարվի իր միջուկային հավակնություններից՝ դրա փոխարեն ստանալով տնտեսական զարգացման աջակցություն: