Թրամփը Լոնդոնում ի պատիվ արքայազն Չարլզի հանդիսավոր ընթրիք է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրը ինքն է հանդես եկել տիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում է եղել Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Կամիլայի հետ, նա հյուրասիրել է տավարի փափկամսի գրիլ կալիֆոռնիական գինիով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը եւ նրա տիկինը՝ Մելանյան, երեքշաբթի հանդիսավոր ընթրիք են տվել ԱՄՆ դեսպանի Ռիջենթս պարկի նստավայրում: Ընդունելությանը, բացի արքայազն Չարլզից ու Կամիլայից, պատվավոր հյուրերի թվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ամուսնու՝ Ֆիլիպի հետ: Ընդունելությանը հրավիրվել էր ընդհանուր 60 մարդ:
Որպես ուտեստ մատուցվել է լոլիկ՝ ռեհանով եւ իտալական թարմ բուրատա պանրով: Հիմնական ճաշատեսակը տավարի փափկամիսն էր՝ բարակ կտրատած կարտոֆիլով եւ գազարով: Աղանդերին առաջարկվել է հատապտուղներով վանիլային պաղպաղակ:
Գինիները Կալիֆոռնիայի հյուսիսի Iron Horse ֆերմայից էին. ուտեստի հետ մատուցվել է Chardonnay, հիմնական ճաշատեսակի հետ՝ Pinot Noir, աղանդերին՝ շամպայն: Ըստ գնի՝ ըմպելիքները զգալիորեն զիջում էին նախօրեին թագուհու մոտ մատուցածին: Chateau Lafite Rothschild գինու մեկ շիշը, որով Եղիսաբեթ Երկրորդը հյուրասիրել էր հյուրերին, արժե 1,4 հազար ֆունտ ստերլինգ: