Օսմանյան ռեժիմը երբեք օրինականացված չէր ենթակա ազգությունների և Եվրոպայի կողմից. Հայ-Հունական գիտաժողով Աթենքում
Հունիսի 4-ին Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը և Հայկական ժողովրդային շարժումը, Հունաստանում Կիպրոսի հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին 1919 թ․-ի Փարիզի խաղաղության
վեհաժողովի 100 ամյակին նվիրված գիտաժողով: Գիտաժողովն սկսվեց Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Հայկ Գասարճյանի ողջույնի խոսքով։
Աթենքի համալսարանից մասնակցում էին Օսմանյան կայսրության պատմության ամբիոնի դոցենտ պրն. Պարասկևաս Քոնորթասը և պատմական գիտությունների թեկնածու պրն. Անդրեաս Անդոնոպուլոսը, Սալոնիկի համալսարանից՝
պատմական գիտությունների թեկնածու պրն. Վլասիս Աղձիդիսը և Հայ-հունական
ուսումնասիրությունների կենտրոնից` կենտրոնի քարտուղար, գրող պրն․ Հովսեփ Քասեսյանը:
Պարոն Քասեսյանն իր ելույթում անդրադարձավ բարձրակարգ մշակույթի կրող քրիստոնյա մեծամասնության վրա Օսմանյան կայսրության թողած ազդեցությանը և այն փաստին, որ ենթակա ժողովուրդները երբեք չդադարեցին ապստամբել Օսմանյան ռեժիմի դեմ, մինչդեռ եվրոպացիները թուրքերին տարածաշրջանում համարում
էին օտար տարր:
Պարոն Քոնորթասը ներկայացրեց 19-րդ դարի Թանզիմաթի ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը բարեփոխելու և գոյատևելու համար առնված քայլերի և Կայսրության ենթակա ժողովրդների և Եվրոպայի վրա այս քայլերի թողած ազդեցությունների մասին:
Պարոն Անդոնոպուլոսը անդրադարձավ Կ.Պոլսի հունական համայնքի և 19-րդ դարում համայնքի ազգային, տնտեսական և մշակութային առաջընթացին: Պարոն Աղձիդիսը նկարագրեց թուրքական ռեժիմի կողմից ենթակա ժողովուրդների հետ հակամարտության հարցը` նրանց արտաքսմամբ/ոչնչացմամբ «վերջնական լուծում»
տալու դրդապատճառների ու մեթոդների մասին:
Հունաստանում Կիպրոսի դեսպանատանը կազմակերպված գիտաժողովին ներկա էին հայ, հույն և կիպրացի համայնքների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, պատմաբաններ, դիվանագետներ: Միջոցառումից բացակա էին ՀՀ դեսպանության
ներկայացուցիչները։ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները բացակա էին նաև Հայաստանին և հայությանը առնչվող Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված գիտաժողովից, որը 2018 թ․-ի մարտին կազմակերպվել էր նույն դեսպանատանը, ինչպես նաև բացակա էին հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին նվիրված` Հույն գրողների միության կետրոնում կազմակերպված միջոցառումից, որը տեղի ունեցավ 2019 թ․-ի փետվարին։
Հիշեցնենք, որ Կիպրոսի դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպված գիտաժողովը երորրդն էր Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրած 100 միջոցառումներից, որոնք իրականացվելու են առաջիկա հինգ տարվա ընթացքում: Բոլոր միջոցառումները նվիրված են լինելու 1919-1923 թվականներին տեղի
ունեցած իրադարձությունների 100-ամյակներին, որոնք վճռորոշ ազդեցություն են ունեցել հայ և հույն ժողովուրդների վերջին հարյուր տարվա պատմության վրա: Դրանցից են` Փարիզի խաղաղության վեհաժողովը, Սևրի հաշտության պայմանագիրը, Զմյուռնիայի աղետը, Լոզանի պայմանագիրը և այլն: