Դատարանն ԱՄՆ-ում չի մեղմել թմրաբարոն Գաճաճի բանտարկության պայմանները
Նյու Յորքի շրջանային դատարանը երկուշաբթի մերժել է «Սինալոա» թմրակարտելի նախկին պարագլուխ Խոաքին Գուսմանի (մականունը՝ Գաճաճ) բանտարկության պայմանները մեղմելու միջնորդությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։
«Ես համաձայն եմ, որ մեղադրյալի վարքը օրինակելի է, բայց նման վարքը ուղղակի հետեւանքն է նրա բանտարկության դաժան պայմանների»,- հեռուստաընկերությունը մեջբերում է դատավոր Բրայան Քոգանի խոսքերը։ «Լավ վարքը դրանք (բանտարկության պայմանները) մեղմելու հիմք չէ։ Լավ վարքը դրանք փոխելու հիմք չէ»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ Գաճաճը ցանկացել է մեղմման հասնել փախուստ կատարելու նպատակով։
Այսպես է դատախազությունն արձագանքել մայիսին Գուսմանի փաստաբանների միջնորդությանը, որոնք բողոքել էին նրա պահման «դաժան եւ ոչ ստանդարտ» պայմաններից։ Գաճաճը զրկված է մաքուր օդում զբոսնելու հնարավորությունից եւ ստիպված է փակել ականջները զուգարանի թղթով, որպեսզի չլսի քրեակատարողական հիմնարկի մշտական աղմուկը։
Նախկին թմրաբարոնը նախկինում երկու անգամ փախուստի է դիմել, այդ թվում 2015-ին մեքսիկական խիստ ռեժիմի Ալտիպլանո բանտից։ Այն ժամանակ Գուսմանին հաջողվել էր ազատության մեջ հայտնվել մոտ 1,5 կիլոմետր թունելի միջոցով, որը փորել էին նրա համախոհները 10 մետր խորության վրա։ Փախուստից հետո մեքսիկացի ծովային հետեւակները 2016-ի հունվարին կարողացել էին բռնել Գուսմանին Լոս Մոչիս քաղաքում (Սինալոա նահանգ)։ Նա վերադարձվել է նույն բանտ, եւ պայմաններն ավելի են խստացվել։
Փետրվարին Նյու Յորքի Արեւելյան շրջանի ատենակալների դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանցավոր ընկերակցության, թմրանյութերի արտադրման եւ տարածման նպատակով միջազգային դավադրության, հրազեն օգտագործելու եւ թմրանյութերի շրջանառությունից ստացված եկամուտները լեգալացնելու համար։ Գուսմանի պատիժը նախատեսված է հայտարարել հունիսի 25-ին, նրան սպառնում է ցմահ բանտարկություն։