Չինաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի մասին «սպիտակ գիրքը»
Չինաստանը վերագրել է ԱՄՆ-ի վրա ամբողջ պատասխանատվությունը երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմը հրահրելու համար, սակայն, դրա հետ մեկտեղ, պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարելու, հաղորդում է DW-ը:
«Չինաստանը չի ցանկանում առեւտրային պատերազմ, սակայն նաեւ չի վախենում դրանից եւ, անհրաժեշտության դեպքում, կպայքարի մինչեւ վերջ»,-ասվում է «սպիտակ գրքում»՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի ծրագրային փաստաթղթում, որը հրապարակվել է կիրակի՝ հունիսի 2-ին:
Գրքում նշվում է, որ «բանակցությունների ընթացքում երկրի ինքնիշխանությունն ու արժանապատվությունն անհրաժեշտ է հարգել, եւ երկու կողմերի միջեւ յուրաքանչյուր համաձայնագիրը պետք է հիմնված լինի հավասարության ու փոխշահավետության վրա»:
Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ կան որոշակի սահմաններ, եւ Չինաստանը կոմպրոմիսի չի դիմի «սկզբունքային հարցերի դեպքում»: Ավելին, «Սպիտակ գրքում» նշվում է, որ Չինաստանն ունի բավականաչափ ռեսուրսներ լարվածության դեպքում չինական տնտեսության առողջությունն ապահովելու համար:.
Ընթացիկ շաբաթ ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրային պատերազմը հասել է նոր կուլմինացիոն զարգացման. հունիսի 1-ի գիշերը ուժի մեջ են մտել Չինաստանի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ սահմանված նոր տուգանային մաքսերը՝ ի պատասխան չինական տնտեսության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների: Տուգանային մաքսերը վերաբերում են ԱՄՆ-ից ներկրված 5140 ապրանքներին՝ 60 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:
Չինաստանը նաեւ սպառնացել է սահմանափակել ԱՄՆ արտահանվող հազվագյուտ մետաղները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնիկա եւ ավտոմեքենաներ արտադրելու համար: ԱՄՆ-ը ստանում է այդ մետաղների 80 տոկոսը ՉԺՀ-ից:
Ավելի վաղ Վաշինգտոնը սահմանել էր ավելի բարձր մաքսեր չինական ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր արժեքը կազմել էր 200 մլրդ դոլար: