Սոչիի օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեգիյանի այրուն հանձնել են «Զոհվողների փրկության համար» մեդալ
ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը Սոչիի օդանավակայանի հերթափոխի պետ Վլադիմիր Բեգիյանի (որը մահացել էր սրտի նոպայից 2018 թվականի սեպտեմբերին Boeing-ի վթարային վայրէջքի հետեւանքների վերացման ժամանակ) այրուն է հանձնել «Զոհվողների փրկության համար» մեդալ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ համալիր հերթափոխի պետ Վլադիմիր Բեգիյանը, որը մահացել էր սրտի նոպայից Սոչիի օդանավակայանում 2018 թվականի սեպտեմբերին ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքների վերացման ժամանակ, հետմահու պարգեւատրվել է Ռուսաստանի նախագահի կողմից «Զոհվողների փրկության համար» մեդալով։
«Սոչիի միջազգային օդանավակայանում տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը Վլադիմիր Բեգիյանի այրուն հանձնեց «Զոհվողների փրկության համար» մեդալը»,- նշվում է մամուլի ամփոփագրում։ Տեղեկացվում է, որ արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ։
Վլադիմիր Նիկոլաեւիչն իր մասին չէր մտածում, նա մտածում էր ուրիշների կյանքի մասին։ Նա մեծ սիրտ ունեցող մարդ էր։ Քանի դեռ մեր կողքին ապրում են այդպիսի մարդիկ, մեր տրանսպորտը մեծ ապագա կունենա»,- Դիտրիխին մեջբերում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Բեգիյանը Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատել է ավելի քան 33 տարի, 1985 թվականի մայիսից։ Անցել է աշխատանքային ճանապարհ՝ կարգավար-հսկիչից մինչեւ օդանավակայանի համալիր հերթափոխի պետ։ Աշխատանքի ընթացքում պարգեւատրվել է ՌԴ տրանսպորտի նախարարության շնորհակալագրով, «Օդային տրանսպորտի գերազանցիկ» կրծքանշանով։
Անցած տարվա սեպտեմբերին Սոչիի օդանավակայանում «Յուտէյր» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Սոչի չվերթը, վայրէջքից հետո դուրս թռավ թռիչքուղուց, գլորվեց դեպի գետի հունը, ինչի հետեւանքով վթարվեցին կանգնակներն եւ թեւը, տեղի ունեցավ ձախ շարժչի բռնկում։ Օդանավում 164 ուղեւոր կար եւ անձնակազմի վեց անդամ։ Տուժեց 18 մարդ։ Ուղեւորների եւ անձնակազմի մեջ զոհվածներ չկան, բայց մահացավ օդանավակայանի աշխատակիցներից մեկը։