Երևանը կառուցած ճարտարապետը Երևանում տեղ չունի. Ճարտարապետ Ալ. Թամանյանի թոռը կառավարությունից խնդրում է նորից կյանքի կոչել պապի թանգարանը
Երևանի կերպարն ստեղծած մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Հայաստանի կառավարությունից խնդրում է նորից կյանքի կոչել պապի թանգարանը։ Թամանյանի թանգարանը գոյություն է ունեցել 15 տարի և փակվել 2016-ին։
«Նրանք, ովքեր փակում են մշակութային կենտրոնները կամ խանգարում դրանց բացմանը, ժողովրդի թշնամիներ են»,- ասել է Գագիկ Թամանյանը մայիսի 31-ի մամուլի ասուլիսում։ Ինքը՝ Գագիկ Թամանյանը, ապրում է արտասահմանում և Հայաստան է եկել հատուկ միջնորդելու թանգարանի վերաբացման համար։
«Մենք 70 տարի նյութեր ենք պահել ընտանեկան արխիվում, հետո համաձայնել ենք, որ թանգարան լինի։ Բայց թանգարանը ցանկացան փակել 2004-ին, հետո 2008-ին էլ էին ուզում, և 2016-ին փակեցին։ Կառավարության որոշմամբ երկու թանգարան՝ Թամանյանի և Ճարտարապետության ազգային թանգարանները միավորվեցին։ Իրականում դա նշանակում է փակել Թամանյանի թանգարանը, որովհետև չի կարելի ցուցադրել ավելի քան 1000 նմուշ մեկ թանգարանում։ Թանգարանի բացումը մինչև հիմա տեղի չի ունեցել։ Ես սպասեցի երեք տարի և եկա Հայաստան տեսնելու, թե ինչպես կարող է նոր կառավարությունն օգնել»,- ասել է Գագիկ Թամանյանը։ Նա հանդիպել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Եղիշե Սարգսյանի հետ, որն ասել է, որ քաղաքապետը կհանդիպի նրա հետ, եթե հարկ համարի։ Առայժմ քաղաքապետ Հայկ Մարությանը հարկ չի համարել հանդիպել Ալեքսանդր Թամանյանի թոռան հետ։ Գագիկ Թամանյանը նաև գրել է վարչապետին։ Նա Հայաստանի իշխանությունների արձագանքին սպասել է երեք շաբաթ և որոշել դիմել ԶԼՄ-ներին։
Նրա խոսքով՝ մեծ խնդիր է թանգարանի տարածքի հարցը։ «Հարուստները գնել են Երևանում տարածքներ, չեն օգտվում դրանցից, իսկ երբ իշխանությունները ցանկանում են տարածք տրամադրել, ամեն բան, պարզվում է մասնավորի ձեռքերում է»,- նշել է Թամանյանը։
Որպես ավելի իրատեսական տարբերակ Թամանյանը նշել է թանգարանի բացման հնարավորությունը Ճարտարապետի տան շենքում։ Միևնույն ժամանակ, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն առաջարկել է թանգարանը բացել Քաջազնունու տանը։ «Բայց դա իրատեսական չէ։ Շենքը պատկանում է գործարար Մայրապետյանին և վատ վիճակում է։ Պատմական շենքը քանդվում է աչքներիս առջև։ Բայց վերականգնման միջոցներ չունեն ոչ իշխանությունները, ոչ Թամանյանի ընտանիքը»,- փաստել է Գագիկ Թամանյանը՝ ավելացնելով, որ թանգարանի փակման մեջ մեղադրում է անձամբ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին։
«Անհեթեթ իրավիճակ է. քաղաքը կառուցած ճարտարապետը Երևանում տեղ չունի»,- ասել է մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ լրագրող Մարկ Գրիգորյանը. «Բոլորը համաձայն են, որ թանգարանը պետք է, բայց իրավիճակը չի փոխվում»։