«Զվարթ երեկո»՝ Կիպրոսի նշանավոր «Մելքոնյան» վարժարանի բակում
Արդեն երրորդ տարին է, ինչ «Կիպրոսի Մելքոնյանի բարեկամները» կազմակերպում է «Զվարթ երեկո» միջոցառումը՝ ամառային մի երեկո Մելքոնյանի հարազատ բակում իր ջերմ գիրկը հրավիրելով վարժարանի տարբեր տարիների սաներին, բարեկամներին ու նվիրյալներին: Արդեն ավանդական դարձած այս միջոցառմանն ամեն ամառ իրենց
մասնակցությունն են բերում մինչև 300 հայեր՝ աշխարհի տարբեր կողմերից. նրանց նպատակն է վառ պահել «Մելքոնյանի» բարի անունը, թույլ չտալ, որ մոռացության մատնվի Սփյուռքի ամենանշանավոր դպրոցներից մեկի փառավոր ուղին, իսկ շենքում գոնե երբեմն-երբեմն հնչի նախկին աղմուկն ու աշխուժությունը: Այս տարի միջոցառումը տեղի կունենա հունիսի 8-ին և արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Կազմակերպիչները նշում են, որ տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է միջոցառման նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է Կիպրոսում 1924 թվականին, եգիպտահայ արդյունաբերող եղբայրներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հանգրվան և կրթարան: Հետագայում արդեն որբանոցը վերածվել է հայապահպանության հզոր կենտրոնի՝ դառնալով արևմատահայերենի պահպանության ամենակարևոր օջախներից մեկը, որտեղ կրթվել ու հայ են մնացել մի քանի սերունդներ: 2005 թ.-ին, սակայն, ՀԲԸՄ որոշմամբ 1650
շրջանավարտ տված կրթական հաստատությունը փակվեց՝ կիսատ թողնելով բարերար եղբայրների հայրենանվեր գործը: