Իմպիչմենթը կեղտոտ եւ զզվելի բառ է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է իր դեմ իմպիչմենթ հայտարարելու գործընթացի սկզբի մասին դեմոկրատների «զզվելի» խոսակցությունները՝ հայտարարելով, որ ինքը դրան արժանանալու համար ոչինչ չի արել, հաղորդում է Reuters-ը:
Նախօրեին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտարարել էր, որ ռուսական գործարքի մասին իր զեկույցը Թրամփին չի ազատել արդարության խոչընդոտման մեղադրանքներից, եւ Կոնգրեսը պետք է որոշի՝ պատասխանատվության կենթարկվի՞ նախագահը, թե ոչ:
Մյուլերի հայտարարությունը մեծացրել է դեմոկրատ օրենսդիրների կողմից իմպիչմենթի գործընթաց սկսկելու կոչերի թիվը, իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ «բոլոր տարբերակները դրված են սեղանին»:
Հարցին, թե արդյո՞ք սպասում է իմպիչմենթի, Թրամփը պատասխանել է.
«Ես չեմ հասկանում՝ ինչպես… Այդ կեղտոտ, զզվելի բառը… Այն ճնշում է նախագահին»:
Նա նաեւ ցիտել է ԱՄՆ Սահմանադրության հոդվածն այն մասին, որի համաձայն՝ նախագահը չի կարող մեղադրվել «ծանր հանցագործությունների» համար:
«Ոչ մի հանցագործություն չի եղել»,- ասել է Թրամփը: