ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն ասել է, որ F-35-ները կտեղակայեն Ս-400-ների գործողության գոտուց դուրս
Հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչները Թուրքիայում կտեղակայվեն ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գործողության գոտուց դուրս, հինգշաբթի ասել է ԱՄՆ-ում թուրք դեսպան Սերդար Քըլըչը՝ հանդես գալով Վաշինգտոնում Ազգային մամուլի ակումբում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Ս-400-ները եւ F-35-ները կգտնվեն երկրի երկու կոնկրետ շրջաններում: Թուրք դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իսրայելական F-35-ները թռչում են Սիրիայի վրայով, որտեղ նույնպես կան ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ, բայց դա հարցեր չի առաջացնում ԱՄՆ-ում։
«Բայց երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, որը փորձում է հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել, այլ ոչ թե հարված հասցնելու համակարգ, ապա խնդիրներ են առաջանում»,- նշել է Քըլըչը։
Նա հավաստիացրել է, որ ԶՀՀ-ների վրա կաշխատեն միայն թուրք զինվորականները։
Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստեղծել Ս-400-ների վերաբերյալ աշխատանքային խումբ։ Թուրքիան արդեն ասել է, որ չի հրաժարվի գնել Ս-400-ներ, և որ առաջին խմբաքանակը ստանալու է հուլիսին։
ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչներին, սպառնում է պատժամիջոցներով դրանց հնարավոր ձեռքբերման պարագայում եւ քանիցս ասել է, որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային F-35 նորագույն ինքնաթիռներ վաճառել։ Թուրքիան ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից է F-35 ինքնաթիռների գծով։ Թուրքիայում քանիցս ասել են, որ Ս-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան F-35-ներին։