Փաշինյանի և Պուտինի հանդիպումը հավանաբար չի կայացել ինչ-որ հանգամանքների պատճառով. Լեոնիդ Կալաշնիկով
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը չի կայացել հանգամանքների բերումով: Այսպիսի կարծիք է հայտնել
ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
«Դա կարող է լինել ինչ ասես, սակայն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ հանգամանքներ են եղել, քանի որ մեր նախագահը եթե ինչ-որ բան նկատի է առնում, ապա սովորաբար անում է դա: Նշանակում է, որ ինչ-որ հանգամանքներ են եղել, որոնք իսկապես թույլ չեն տվել, որ հանդիպումը կայանա: Պետք չէ փնտրել ինչ-որ դավադիր շարժառիթներ։ Ոչ, ամենայն հավանականությամբ, այդպես ստացվել է, հատկապես, որ հոկտեմբերին նախատեսվում է Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Չեմ կարծում, որ այստեղ դիտավորություն կա», - РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է պատգամավորը:
Կալաշնիկովը հավելել է, որ այդ դրվագը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, եւ այն չպետք է մեկնաբանվի որպես «թշնամական ակտ»:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում երկկողմ հանդիպում կունենան:
Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ շուտով նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:«Նուր-Սուլթանում այժմ նախատեսվում է Եվրասիական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, իսկ հունիսին ես կմասնակցեմ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին: Աստանայում հաստատ կհանդիպենք, եթե անհրաժեշտ լինի, ապա Պետերբուրգում էլ շփում, իհարկե, կլինի»,- ասել է նա: