Ռոհանին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանների մասին
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները հնարավոր են այն դեպքում, եթե Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցներն ու իրականացնի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է PressTV-ը:
«Բանակցությունների դուռը փակ չէ, եթե ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցներն ու իրականացնի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները»,- ասել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փաստացի պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ պատժամիջոցներ սահմանելով: Ռոհանին նաեւ նշել է, որ Իրանը որոշում կընդունի՝ հիմնվելով գործողությունների, այլ ոչ թե խոսքերի վրա:
Նշենք, որ այս տարվա մայիսին պատժամիջոցների հերթական խստացումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ: Նա վստահություն հայտնեց, որ իրանցիները «շուտով կզանգեն եւ բանակցելու ցանկություն կհայտնեն», սակայն Թեհրանում հերքում են նման հնարավորությունը: