Ս-400-ների մատակարարումը Թուրքիա կարող է հետաձգվել
Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա կարող է հետաձգվել մինչեւ հունիս: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Գործընթացը սկսված է»,- ասել է նա HaberTurk-ի հետ զրույցում:
«Բանակցությունները դեռեւս շարունակվում են»,- նշել է թուրք նախարարը:
Ապրիլին Աքարը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է ստանալ այդ համակարգերը հունիսին: Ռուսաստանում պաշտոնական անձինքն եւս հայտնել էին հունիսին մատակարարումների սկզբի մասին:
Աքարը հրաժարվել է մեկնաբանել մատակարարումներից հետո ԱՄՆ-ի գործողությունները՝ ասելով, որ չի մեկնաբանում «ենթադրությունները»:
Նշենք, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածություն էր առաջացել Ս-400-ների հարցով բանակցությունների առաջին ամիսներին: Վաշինգտոնը սպառնում է հարցականի տակ դնել Թուրքիայի դերն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում եւ պատժամիջոցներ սահմանել:
Աքարի խոսքով՝ նման 4 կործանիչ արդեն մատակարարվել է Թուրքիա: