Ռուսաստանում հսկայական զմրուխտ են գտել
Սվերդլովի մարզի Մարիինյան հանքատեղուն 1.6 կգ քաշով զմրուխտ է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով մարզի վարչակազմի հաղորդագրությանը:
«Սա խոշորագույն գտածոն է վերջին համարյա 30 տարում, ավելի քան 2 կգ քաշով զմրուխտ հայտնաբերվել էր 1990 թվականին, այդ ժամանակվանից հետո ամենամեծ՝ 1540 գրամ քաշով քարը գտնվել է 2018-ին», — ասվում է հաղորդագրությունում:
Մարիինյան հանքատեղը ՌԴ-ում զմրուխտների միակ հաքավայրն է, որտեղ ամեն տարի մոտ 150 կգ թանկարժեք քարեր են արդյունահանում:
Այն պատկանում է »Ռոստեխ» պետական կորպորացիային եւ կառավարվում է «Մարիինյան հանքատեղ» ընկերության կողմից: Նրա ղեկավար Եվգենի Վասիլեւսկին նշում է, որ քարը իրենց մոտ հայտնվել է գրեթե սկզբնական տեսքով:
Վերջին անգամ Մարիինյան հանքատեղում յուրահատուկ զմրուխտ էր գտնվել 2015-ին: Այն մեկ կգ-ից մի փոքր շատ էր կշռում եւ «Նահանգապետական» անվանում էր սատցել: