Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցելու հեռանկարներ դեռ չկան
Ներկայումս Թեհրանը չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու հեռանկար, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ներկայումս մենք չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հեռանկարներ»,-ասել է նա բրիֆինգի ժամանակ՝ հավելելով, որ Թեհրանը ներկայումս չունի որեւէ հիմնավորում ԱՄՆ-ի պետական պաշտոնյաներից որեւէ մեկի հետ բանակցություններ վարելու համար:
Նա նշել է, որ Թեհրանին անհրաժեշտ է սպասել այլ պայմաններին եւ հետեւել իրավիճակի հետագա զարգացմանը:
Վերջին ամսում ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է: Ամերիկյան իշխանությունները սահմանել են կոշտ պատժամիջոցներ Իրանի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ եւ շարունակում են ուժեղացնել ճնշումը պատժամիջոցների միջոցով: Վաշինգտոնը հայտարարել է, որ այդ քայլերի նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության «վարքագծի փոփոխությունն է»: ԱՄՆ-ը նաեւ հայտարարել են Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն: Դրան ի պատասխան՝ Իրանը ճանաչել էր ԱՄՆ-ի ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ հենց Միացյալ Նահանգները՝ որպես «ահաբեկչությունը հովանավորող պետություն»: