Մերձավոր Արեւելքում լարվածությունը վերջին բանն է, որ մեզ պետք է. ԱՄՆ նախագահի թեկնածու
Դա լավ նշան չէ, լարվածությունը վերջին բանն է, որ մեզ պետք է Մերձավոր Արեւելքում: Այս մասին հայտարարել է դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Փիթ Բութթիգետը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ կապված Մերձավոր Արեւելք 1500 զինծառայող ուղարկելու հետ:
ABC-ի հետ զրույցում նա ասել է, որ տպավորություն է ստեղծվում, թե Թրամփի վարչակազմը շարունակում է լարել իրավիճակը կամ, հնարավոր է, հակամարտել Իրանի հետ: Ընդ որում, ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով, նրանք ղեկավարվում են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գործողություններով, որը Իրաքի պատերազմի «ճարտարագետներից» մեկն էր:
Անցած շաբաթ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ 1500 զինծառայող կուղարկվի Մերձավոր Արեւելք՝ Իրանի կողմից շարունակվող սպառնալիքին պատասխանելու համար: ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել էր, որ դա պաշտպանիչ միջոց է եւ նպատակ ունի նվազեցնել ռազմական գործողությունների հավանականությունը: