Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը` ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ
Ազնավուրը լեգենդ է, որի պատմությունը շարունակելու է ոգեշնչել սերունդներին, որն իր գործով ու երգերով ապրելու է հավետ` իր ավանդը փոխանցելով տարիներին:
Այսօր էլ մեծն շանսոնյեի ներկայությունը զգացվում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ Ֆրանսիայից ժամանած հայտնի արտիստները պատվեցին լեգենդար հայի հիշատակը, որը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան:
Այսօրվա համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի հոբելյանին: Հատուկ այս առիթով բեմում ելույթ ունեցան Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն, Պատրիկ Ֆիորին, Սլիմանն ու Լեա Կաստելը:
Երգիչները ներկայացրին, ինչպես Ազնավուրի հայտնի ստեղծագործություններից, այնպես էլ իրենց երգացանկից երգեր: Առաջին անգամ համերգի շրջանակում հնչեց Շառլ Ազնավուրի եւ Մարինե Գյուլումյանի երաժշտությամբ հեղինակած «Կլեոպատրա» երգը, որը ներկայացրեց Ամալյա Մարգարյանը: Իսկ հանդիսավարներ Արման Մարգարյանն ու Աննա Գրիգորյանը երեկոյի ընթացքում ցիտում էին Ազնավուրի հայտնի մտքերն ու ներկայացնում կյանքի ուշագրավ դրվագները:
«Շառլ Ազնավուրն անուն է, որն ավելի ամուր է դարձնում երկու երկրների` Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները, եւ այդ պահին մենք եւս դառնում ենք 100 տոկոսանոց հայ եւ 100 տոկոսանոց ֆրանսիացի»:
Ինչպես նշեցին հանդիսավարները` Ազնավուրն ընդամենը ցանկանում էր իր երգով նվաճել Փարիզը, բայց նրան հաջողվեց նվաճել ամբողջ աշխարհը: