Ռոուհանին չի բացառել, որ միջուկային համաձայնագրի ճակատագիրը կարող է որոշվել հանրաքվեի միջոցով
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել, որ միջուկային համաձայնագրի ճակատագիրը կարող է որոշվել հանրաքվեի միջոցով:
Նրա խոսքով՝ 2004 թվականին նա խնդրել է գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Համենեին լուծել միջուկային հարցը հանրաքվեի միջոցով՝ Իրանի Սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն, եւ նա համաձայնություն է տվել, սակայն այդ շրջանի կառավարությունը (Մահմուդ Ահմադինեժադի) փոխել է իրավիճակը եւ ամեն ինչ ստացել է այլ ընթացք: «Ամեն դեպքում, սահմանադրությունը կարող է մատնանշել ճիշտ ուղին»,-ասել է Ռոուհանին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի ծնկի իջեցնել Իրանին: Իրանի նախագահը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կհրաժարվի Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից, երբ հասկանա, որ պատժամիջոցներն ունեն թույլ ազդեցություն: