Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն և Լեա Կաստելը կիսվել են Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով
Ֆրանսիացի հայտնի արտիստներ Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն և Լեա Կաստելը երեկ ժամանեցին Երևան: Երգիչները այսօր` մայիսի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմասնակցեն Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, որտեղ ելույթ կունենան նաև Պատրիկ Ֆիորին, Սլիմանն ու Քեյթ Ռայանը:
«Առաջին անգամ Հայաստան եկել եմ Շառլ Ազնավուրի հետ: Այդ օրվանից սկսած բավականին մտերմացանք, ու նա հաճախ էր պատմում Հայաստանի հանդեպ իր կրքի մասին: Վաղը երգելու ենք այն երգերը, որոնք վստահ եմ` սիրված են բոլորի կողմից»,-News.am Stile-ի հետ զրույցում նշեց Հելեն Սեգարան` հավելելով, որ այս անգամ իր այցը կարճատև է լինելու` պայմանավորված աշխատանքային զբաղվածությամբ:
Հայկական ծագում ունեցող մյուս ֆրանսիացին՝ Րաֆֆի Արտոն, ի դեպ, հայերեն հասկանում էր, որոշ հարցերի, նույնիսկ, փորձեց պատասխանել հայերենով.
«Ինձ համար մեծ պատիվ է այս համերգին մասնակցելը: Իսկ Ազնավուրից ամենից շատ սիրում եմ այն երգը, որը պետք է կատարեմ վաղը` Emmenez-Moi-ը»:
Հայաստան այցի համար առավել ոգևորված էր Լեա Կաստելը, որն առաջին անգամ է այցելում մեր երկիր: Նա իր ոգեւորությունը կիսեց նաև News.am Stile-ի հետ.
«Շատ ուրախ եմ այս այցիս համար, գիտեմ, թե ինչ պատմական երկիր է Հայաստանը: Անսահման էմոցիաներ ունեմ, քանի որ այստեղ երգելու եմ Ազնավուրի երգերը: Շատ եմ սպասում համերգին, ի դեպ, դաշնամուր էլ եմ նվագելու, հետաքրքիր ելույթ է սպասվում»,-նշեց երգչուհին` հավելելով, որ Հայաստանում մնալու է 3 օր. առաջնահերթ պատրաստվում է զբոսնել Երևանով: Իսկ հարցին, թե ինչ է տանելու իր հետ Փարիզ, պատասխանեց. «Դեռ չեմ կողմնորոշվել, բայց մինչև մեկնելս անպայման տեղյակ կպահեմ»:
Սյունե Առաքելյան