Հարյուր տարվա մենություն. Գաբրիել Գարսիա Մարկես
Հարյուր տարվա մենություն
Հեղինակ: Գաբրիել Գարսիա Մարկես
Ժանր: Դասական, Ռեալիզմ, Վեպ
Հայերեն թարգմանությունը՝ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
ՊԱՏՎԻՐԵԼ ԳԻՐՔԸ
Այս աշխարհում մենք ապրում և մահանում ենք միայնակ…
«Հարյուր տարվա մենություն»-ը կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ամենահայտնի ստեղծագործությունն է: Այն հանդիսանում է մոգական ռեալիզմի ուղղության առավել բնորոշ վեպերից մեկը:
«Հարյուր տարվա մենություն»-ը գրվել է 18 ամիսների ընթացքում, 1965-1966թթ., Մեխիկոյում: Գրքի օրիգինալ գաղափարը հայտնվել է 1952 թվականին, երբ հեղինակը մոր ուղեկցությամբ այցելեց իր հայրենի Արակատակա գյուղը: Սկզբում Մարկեսն ուզում էր անվանել իր ստեղծագործությունը «Տունը», սակայն հետագայում մտափոխվեց, քանի որ արդեն տպագրված էր իր ընկեր' Ալվարո Սամուդիոյի «Մեծ տունը» վեպը: «Հարյուր տարվա մենություն»-ն առաջին անգամ լույս է տեսել Բուենոս Այրեսում, 1967թ. հունիսին: Այն արժանացել է Ռոմուլո Գալյեգոսայի մրցանակի: Մինչ օրս վաճառվել է վեպի ավելի քան 30 միլիոն օրինակ, այն թարգմանված է 35 լեզուներով:
Վեպում նկարագրված են Բուենդիա ընտանիքի ստեղծումը, զարգացումը, անկումն ու կործանումը: Այդ ընտանիքի պատմությունը մենության պատմություն է, որը որևէ կերպ արտահայտվում էր յուրաքանչյուր Բուենդիայի ճակատագրում: Մենությունը, ընտանիքի անդամների իրարից անկախությունը, հասկանալու և հասկացված լինելու անկարողությունը վեպում ստանում են առասպելական բնույթ: Եվ իսկապես, Բուենդիա ընտանիքի մի քանի սերունդների պատմությունը ձեռք է բերում տոհմական առասպելի բնույթ իր առանձնահատկություններով հանդերձ' արյունապղծության հակվածությունը և դրա հետ կապված անեծքը, հերոսների ճակատագրի «տրվածությունն» ու կանխորոշվածությունը: Վեպում դրա մարմնավորումն է գնչու Մելկիադեսը, ով սանսկրիտով գրառեց ընտանիքի տարեգրությունը' հասկացված Մակոնդոյի և Բուենդիա ընտանիքի կործանումից մի քանի րոպե առաջ:
Մեկ այլ կարևոր երևույթ, որը հաճախակի է հիշատակվում վեպում, ժամանակի և իրադարձությունների կրկնությունն է, այսինքն երեխաները կրկնում են ծնողների ճակատագիրը: Կարծես թե ճակատագիրն ինքն է հրում հերոսներին կոնկրետ գործողությունների: Բուենդիա ընտանիքում ամեն ինչ վերադարձվում է և կրկնվում: Սերնդեսերունդ փոխանցվող նույն անուններ, ճակատագրեր, կերպարներ, զբաղմունքներ, սովորություններ… Եվ, իհարկե, այն' ինչը միավորում է ընտանիքի բոլոր անդամներին' մենությունը: Բոլորը միայնակ են, և յուրաքանչյուրն իր ձևով կրում է այդ խաչը:
«Հարյուր տարվա մենություն»-ը վեպի մասին կարելի է խոսել անվերջ, սակայն, միևնույնն է, հնարավոր չէ արտահայտել ամբողջ իմաստը: Ի վերջո, անգամ կարդալուց հետո մնում են հարցեր, որոնք ուզում ես քննարկել, վերլուծել, տողեր, որոնց ուզում ես վերադառնալ կրկին ու կրկին:
Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից: