Վրացի և ադրբեջանցի փորձագետները կստուգեն սահմանի չհամաձայնեցված հատվածները
Վրաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչները պայմանավորվել են փորձագետների մակարդակով չհամաձայնեցված հատվածների համատեղ ստուգում իրականացնել: Այս մասին նշվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում, որը տարածվել է հանձնաժողովների հերթական նիստից հետո, հաղորդում է «Նովոստի Վրաստանը»:
Պետական սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների 12-րդ նիստը անցկացվել է Բաքվում մայիսի 23-24-ը:
Վրաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ փոխնախարար, Վրաստանի կառավարության սահմանների հարցով հատուկ ներկայացուցիչ Լաշա Դարսալիան: Ադրբեջանական կողմից հանձնաժողովը գլխավորել է ԱԳ փոխնախարար, սահմանների եւ Կասպից ծովի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը:
Հանդիպմանը նաեւ մասնակցել են երկու պետությունների համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները:
Վրաստանի ԱԳ տեղեկություններով՝ նիստի ժամանակ կողմերը քննարկել են պետական սահմանի անցման հարցրերը եւ մանրամասն քննարկել բոլոր չհամաձայնեցված հատվածները:
Բացի այդ, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են.
Տեղում փորձագետների մակարդակով պետական սահմանի չհամաձայնեցված հատվածների համատեղ ստուգում անցկացնել,
Իրականացնել պետական սահմանի անցման որոշման հետ կապված համապատասխան նորմատիվ-իրավական փաստաթղթերի եւ քարտեզագրական նյութերի ուսումնասիրություն եւ գնահատում,
Թբիլիսիում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը: Ամսաթիվը կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով:
Վրաստանը եւ Ադրբեջանը 446 կմ երկարությամբ ընդհանուր պետական սահման ունեն: Պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին, սակայն երկար ժամանակ չի աշխատել:
Այդ ժամանակ Ադրբեջանի սահմանապահները մի քանի օր փակել էին Ուդաբնո վրացական վանք տանող ճանապարհը: Վանքը սահմանի վիճարկվող հատվածում գտնվող Դավիթ-Գարեջի հնագույն վրացական քարանձավային համալիրի մի մասն է: Արտաքին գործերի նախարարության մակարդակով բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր, սակայն հարցը դեռեւս մտահոգում է հանրությանը:
Մայիսի 23-ին միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին զուգահեռ, Facebook- սոցցանցում զբոսավար Զվիադ Անանիաշվիլին տեղեկացրել էր, որ Դավիթ-Գարեջի համալիրի մոտ ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկայի օգնությամբ սկսել է ճանապարհ կառուցել Չիչխիտուրի աշտարակի ուղղությամբ: Սա վրացական հասարակության կողմից մեծ բողոք էր առաջացրել:
Ուրբաթ երեկոյան Վրաստանի պատրիարքարանի մամուլի կենտրոնի ղեկավար Անդրիա Ջագմաիձեն լրագրողներին հայտնել էր, որ ճանապարհի հարդարման աշխատանքներն ավարտվել են:
Հոգեւորականի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել երկխոսության միջոցով:
Դավիթ-Գարեջին գտնվում է Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք եւ Գարեջիի կիսաանապատային բլրաշարքի լանջերի երկայնքով 25 կմ երկարությամբ տարածք է զբաղեցնում: