Մեյի հրաժարականից հետո Գերմանիան կշարունակի համագործակցել Լոնդոնի հետ Brexit-ի հարցով. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարգում է հրաժարական տալու մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի որոշումը եւ որ Բեռլինը շարունակելու է սերտ համագործակցել Լոնդոնի հետ Brexit-ի շուրջ համաձայնություն ձեռքբերելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես միշտ շատ լավ եմ աշխատել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ»,-ուրբաթ Մյունխենում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինչպես նշել է Մերկելը, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհանգեցնի զգալի փոփոխությունների: «Անկախ ներկայումս Մեծ Բրիտանիայում տեղի ունենող իրադարձություններից՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ [Լոնդոնի] գործընկերային հարաբերություններ հաստատելու համար»,-ընդգծել է կանցլերը:
Պատճառը, որը դրդել է Մեյին հրաժարական տալ, խորհրդարանում Brexit-ի պայմանների մասին ԵՄ-ի հետ համաձայնությունը հաստատելու անհնարինությունն էր: Նա հայտարարել է, որ կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հունիսի 7-ին, ընդ որում՝ կկատարի վարչապետի պարտականությունները մինչեւ թորիների նոր առաջնորդի ընտրության գործընթացի ավարտը: Նա նշել է նաեւ, որ պահպանողականների նոր առաջնորդի ընտրության արշավը կմեկնարկի հունիսի 10-ին: