ԱՄՆ-ի դիրքորոշումը հանգեցրեց բանակցությունների ձախողմանը. Փհենյան
ԱՄՆ «քմահաճ եւ անազնիվ» դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ երկրորդ հանդիպման ժամանակ Փհենյանի եւ Վաշինգտոնի ղեկավարները պայմանավորվել չկարողացան։ Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ միջուկային խնդիրը երբեք չի լուծվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել դիրքորոշումը, տեղեկացնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է Միացյալ Նահանգներին գագաթաժողովի ձախողման մեղքը հյուսիսկորեական կողմի վրա դնելու փորձի մեջ։
«Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ Հանոյում բարձր մակարդակի բանակցությունների ձախողման հիմնական պատճառը Միացյալ Նահանգների քմահաճ եւ անազնիվ դիրքորոշումն է, որը պնդում է այնպիսի հարցերում, որոնք անհնար են»,- նշել է նա։
«Որքան ավելի մեծանան նրանց անվստահությունը եւ թշնամական գործողությունները Հյուսիսային Կորեայի հանդեպ, այնքան ավելի կոշտ կլինի մեր արձագանքը»։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ եթե ԱՄՆ-ը հաշվարկի նոր մեթոդ չառաջարկի, փակուղի մտած բանակցությունները երբեք չեն վերսկսվի։ «Եվ հետեւաբար, միջուկային խնդրի լուծման հեռանկարները շատ ավելի մռայլ կլինեն»,- ասել է պաշտոնյան։