Անհետացման եզրին գտնվող լեզուների ցուցահանդես Թուրքիայում. ցանկում են արեւմտահայերենն ու Համշենի բարբառը
Թուրքիայում մայիսի 23–ին մայրենի լեզվով մշակութային իրավունքների համար պայքարի թեմայով ցուցահանդեսի բացումն է տեղի ունեցել:
Akunq.net–ի փոխանցմամբ՝ 1990-ականներից մինչ այժմ Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների պահպանման ուղղությամբ պայքարի թեմայով սույն ցուցահանդեսը կրում է հետևյալ խորագիրը` «Մի լեզվի հետքերով. 90-ականներից մինչ օրս մշակութային ոլորտում պայքարը մայրենի լեզվի պահպանման նպատակով»: Ցուցահանդեսը գործելու է մինչև այս տարվա հունիսի 17-ը, Ստամբուլի «Քարշը սանաթ» սրահում:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն վերջին 30 տարիներին այդ բնագավառում կատարված աշխատանքները: Այն առավելապես կենտրոնացած կլինի չերքեզերենի, արևմտահայերենի, հայոց լեզվի` Համշենի բարբառի, քրդերենի և լազերենի պահպանման ուղղությամբ արված քայլերի վրա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա տվյալներով` Թուրքիայի տարածքում խոսվող շուրջ 20 լեզուներ լիովին վերացման վտանգի տակ են գտնվում: Դրանց շարքում են նաև արևմտահայերենը, Համշենի բարբառը, պոնտական հունարենը, ասորերենը, աբխազերենը, լազերենը, չերքեզերենը գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը և այլ լեզուներ ու բարբառներ: