Թրամփը և Էրդողանը կհանդիպեն Ճապոնիայում G20 գագաթաժողովի շրջանակում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շուտով կարող է հանդիպում ունենալ ամերիկացի պաշտոնակցի հետ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական իշխանության՝ անունը նշել չցանկացող ներկայացուցչին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ պետությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում հունիսի 28-29-ին, G20 գագաթաժողովի շրջանակում։ «Մենք հիմա աշխատում ենք օրացույցի վրա։ Որոշ դրական ազդանշաններ ենք ստանում, բայց ճիշտ ժամանակն առայժմ որոշված չէ,- գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։- Նրանք նաև կարող են հանդիպել Ճապոնիայում, G20-ի շրջանակում»։
«Ինչ վերաբերում է երկկողմ այցին, մենք ճշգրիտ ժամկետ ենք ակնկալում»,- ավելացրել է թուրքական իշխանության ներկայացուցիչը։
Reuters-ը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում վերջին ժամանակներս լարվածություն կա՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ թույլ չտալու, որ Թուրքիան Ս-400-ներ գնի։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ այդ համակարգերը գնելու դեպքում ԱՄՆ-ը կարող է Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ։