ԱՄՆ-ն «կասեցրել է» ամերիկյան շահերին ուղղված իրանական սպառնալիքը. Շանահան
ԱՄՆ-ն «կասեցրել է» ամերիկյան շահերին ուղղված իրանական սպառնալիքը լարվածության կտրուկ աճից հետո, որն առաջացել էր տարածաշրջան ամերիկյան ռմբակոծիչներ ուղարկելուց հետո:
Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, հաղորդում է AFP-ն:
«Կարծում եմ` մեր քայլերը շատ խելամիտ էին, եւ մենք կասեցրել ենք ամերիկացիների վրա հարձակումների հնարավորությունը», - ասել է նա: «Ես կասեի, որ մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ սպառնալիքը բարձր է մնում, եւ մեր խնդիրն է՝ համոզվել, որ իրանցիները սխալ հաշվարկներ չեն արել», - հավելել է Շանահանը:
Հիշեցնենք, որ վկայակոչելով Իրանի կողմից Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ուժերի եւ դաշնակիցների դեմ սպառնալիքներին, ԱՄՆ-ն ավիակիր եւ ռմբակոծիչներ էր ուղարկել Պարսից ծոց: Բացի այդ, հետ էր կանչվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասը: