ԱՄՆ-ն Huawei-ին թույլ է տվել ժամանակավորապես գործունեությունը վերականգնել
ԱՄՆ առեւտրի նախարարությունը տեղեկություն է հրապարակել ժամանակավոր ընդհանուր թույլտվություններ տրամադրելու մասին, որոնք չինական Huawei ընկերությանը թույլ կտան պահպանել եղած ցանցը եւ առկա հաճախորդներին ծրագրային թարմացումներ տրամադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ժամանակավոր թույլտվությունը կգործի մինչեւ օգոստոսի 19-ը:
ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի խոսքով՝ ժամանակավոր ընդհանուր թույտվությունը «օպերատորներին ժամանակ կտա պայմանավորվածությունների հասնել» այլ ընկերությունների հետ: Չինական ընկերության դեմ սահմանափակումների հետաձգման որոշումն ընդունվել է ամերիկյան ընկերությունների համար սուր խնդիրներ չստեղծելու համար:
«Ժամանակավոր ընդհանուր լիցենզիան թույլ է տալիս գործունեության որոշակի տեսակներ, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող հաղորդակցային ցանցերի աշխատանքը շարունակելու եւ բջջային ծառայությունները պահպանելու համար, ներառյալ կիբեռանվտանգության ոլորտում հետազոտությունները, որոնք չափազանց կարեւոր են առկա հաղորդակցային ցանցերի եւ սարքավորումների ամբողջականության եւ հուսալիության պահպանման համար»,- նշված է նախարարության հայտարարության մեջ: