Հանկարծամահ է եղել Վարդան Սեդրակյանը
Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոնկարիչների գիլդիայի անդամ, վաստակաշատ կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:
Օրեր առաջ Վարդան Սեդրակյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում արվեստասերներին էր պատմում իր ֆիլմերից մեկի՝ «Ապրիլ»-ի ստեղծագործական օրերից:
Վարդան Սեդրակյանը ծնվել է 1949 թվականին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1979 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
Աշխատել է «Փուշ», «Որդու ծննդյանը սպասող հյուսնը», «Մի նայիր հայելուն», «Տխուր փողոցի լուսաբացը», «Քրմուհին», «Ժանո», «Երևան բլուզ», «Մեծապատիվ մուրացկաններ», «Ապրիլ», «Սիրամարգի կանչը» և այլ ֆիլմերի ստեղծման վրա:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Սեդրակյանի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը: