Նազենի Ղարիբյանը փոխարինում է Լիլիթ Մակունցին
Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) եւ ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
Չնայած դրան՝ ՀՀ մշակույթի նախարարության կայքում՝ mincult.am, շարունակվում է որպես նախարարի տեղակալ պահպանվել Նազենի Ղարիբյանի անունը։
Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես փոխնախարար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի միավորված նախարարություններում։
Նա տեղեկացրեց, որ ինքը նոր է վերադարձել ճանապարհորդությունից եւ տեղյակ չէ, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ վարչապետը։ Ինչ վերաբերում է ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակվելուն, ապա Նազենի Ղարիբյանը նշեց, որ ինքը փոխարինում է նախկին նախարար Լիլիթ Մակունցին, եւ դա չի խանգարում որպես փոխնախարար իր գործունեությանը։