Մխիթար Հայրապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին
Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի´ հայրենակիցներ, Վերջին մի քանի ժամերի ընթացքում 3-4 տասնյակ հաղորդագրություններ եմ ստացել ձեզնից՝ լի հուսալքությամբ և վատատեսությամբ, իմ քաղաքական թիմի և իմ հասցեին հնչող մեղադրանքներով, մեր որդեգրած թավշյա գործելաոճի հանդեպ թերահավատությամբ:
Եթե գրոտեսկ, ապա ասում եք՝ Մխիթա´ր, դու կառավարող ուժի ներկայացուցիչ ես, ԱԺ պատգամավոր, հետևաբար, պետք է ինչ-որ բան անես, իսկ ես պնդում եմ ճիշտ հակառակը, այո´, ես կառավարող ուժի ներկայացուցիչ եմ, ԱԺ պատգամավոր, հետևաբար, նկատի ունենալով այդ պահանջի տակ դրված ենթատեքստը, չպետք է ինչ-որ բան անեմ, քանզի դա ուղղակիորեն կհակասի իմ և իմ թիմի որդեգրած սկզբունքներին և արժեքներին:
Այստեղ ուզում եմ հիշեցնել, որ ձեր վստահության քվեն մեզ տվել եք ոչ թե «հեռախոսային արդարադատության» հերթական իշխանությունը դառնալու, այլ իրական ժողովրդավարական երկրի հենասյունը հանդիսացող արժեքների ամրապնդման համար: Հարկավ, լիովին հասկանալով ձեր մտավախությունը և անհանգստության պատճառները, միևնույն ժամանակ, վստահ եմ, որ դրանք փարատելու միջոցը ոչ թե նախկին արատավոր գործելաոճը շարունակելն է, այլ դատական իշխանության անկախության և մեր երկրում արդարադատության իրականացման գործընթացների շուրջ անկեղծ զրույց ունենալն է: Այսօրվա որոշումը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու՝ Հայաստանում արդեն մեկ տարի է, ինչ չկա «հեռախոսային արդարադատություն», սակայն խիստ անհանգստացնող է այն իրավիճակը, երբ դատարանի որոշումները համատարած անվստահություն են վայելում հասարակության կողմից:
Սիրելի´ հայրենակիցներ, Այս համատեքստում կարևոր եմ համարում հիշեցնել, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Վստահ եմ, որ այս խորհրդարանական լսումները ևս մեկ հարթակ կհանդիսանան ձեզ մտահոգող խնդիրների վերհանման և անկեղծ քննարկման համար:
Ամփոփելով ասելիքս՝ ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում վերջապես հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը, և դատական իշխանությունը օգտվում է այն ազատությունից, որն իր համար ապահովել է մեր քաղաքական թիմը, սակայն դա չի նշանակում, որ հասարակության կողմից դատարանների նկատմամբ առկա անվստահության խնդիրն օրհասական չէ և չպետք է լուծում ստանա բոլորիս համատեղ ջանքերով: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյան»: