Այսօր Գյումրիի Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը բազմաթիվ այցելուներ է ունեցել հանրապետության բոլոր մարզերից
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական նախաձեռնության ու Թանգարանների միջազգային օրվա առիթով այսօր մարդաշատ էին նաև Գյումրիի բոլոր թանգարանները։ Մինչև կեսգիշեր այցելուների և քաղաք ժամանած հյուրերի առջև բաց կլինեն եզակի էքսպոնատներ ունեցող ցուցասրահները։Համաեվրոպական միջոցառման շրջանակներում այցելուներին տրվել էր թանգարաններ մուտք գործելու անվճար հնարավորություն, իսկ թանգարանների բակերում կազմակերպվել էին միջոցառումներ ու ցուցահանդեսներ։
Տիկին Նինան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի այն աշխատակիցներից է, որն ամեն օր խնամքով ու զգուշությամբ մաքրում է թանգարանի ցուցանմուշները, Հայ կինոյի մեծանուն դերասանի անձնական իրերն ու հագուստները։ Նախկին մանկավարժն ասում է ՝ պատասխանատու աշխատանք է, որի ընթացքում բացահայտում է նաև Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարային հագուստների պահպանման գաղտնիքները:
Թանգարանն ամեն տարի հազարավոր այցելուների է ընդունում, մեծ դերասանի արվեստի սիրահարներն աշխարհի տարբեր երկրներից ու հանրապետության մարզերից Գյումրի են գալիս նաև Թանգարանների գիշեր համաեվրոպական օրվա առիթով։Հայտնի ցուցանմուշների կողքին արդեն ցուցադրվում են նաև նորերը։ Դերասանի անձնական փաստաթղթերի ու գրվածքների կողքին թանգարանի պահոցներից հանվել ու հանրությանն են ներկայացվում Ֆրունզիկի նամականին: