Անկարան փորձում է կատարել պարտավորություններն ինչպես Ս-400-ի, այնպես էլ F-35-ի պարագայում. Թուրքիայի ՊՆ
Ուրբաթ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ձգտում է կատարել իր բոլոր պարտավորությունները ռուսական Ս-400
զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում այնպես, ինչպես
ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների գնման իրավիճակում,
հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Anadolu-ին:
«Թուրքիան ձգտում է լիարժեք կատարել իր պարտավորություններն ինչպես
Ս-400-ի, այնպես էլ F-35-ի պարագայում»,-ընդգծել է ռազմական կառույցի
ղեկավարը Մալաթիայում ավիաբազա այցելությունից հետո, որտեղ, ինչպես
ակնկալվում է, կտեղակայվեն ամերիկյան կործանիչները:
Մինչեռ ուրբաթ ավելի վաղ Ստամբուլում տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ
Էրդողանի եւ Ֆեդերացիայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը:
Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը հավաստիացրել էր, որ Անկարան
կկատարի ՌԴ-ից Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու վերաբերյալ
պայմանագիրը՝ չնայած հանրապետության վրա աննախադեպ ճնշմանը:
Ս-400-ի մատակարարման շուրջ ՌԴ-ի եւ Թուրքիայի բանակցությունների մասին
առաջին հաղորդագրություններն ի հայտ էին եկել 2016 թվականի նոյեմբերին:
Պայմանագրի կնքման փաստը հաստատվել էր Ռուսաստանի կողմից 2017 թվականի
սեպտեմբերի 12-ին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը
հայտարարել էր, որ Ս-400-ի տեղակայումն ու գործադրումը կսկսվի 2019
թվականի հոկտեմբերին: Ինչպես հաղորդել էր «Ռոստեխ» ընկերության գործադիր
տնօրեն Սերգեյ Չեմեզովը 2017 թվականի դեկտեմբերին, Անկարային Ս-400
համակարգեր մատակարարելու արժեքը կկազմի 2.5 մլրդ դոլար: Թուրքիան ՆԱՏՕ-ի
անդամ առաջին պետությունն է, որը կստանա Ռուսաստանից այդ դասի զենիթային
համակարգերը:
ԱՄՆ-ը ձեռնարկում է ակտիվ փորձեր Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի
գնումը խոչընդոտելու համար: Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր
Անկարային, որ սպառազինման այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող
է մերժել Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի հարցում: Ս-400
«Տրիումֆ»-3ՌՍ-ը մեծ եւ միջին հեռավորության զենիթահրթիռային համակարգ է,
որը նախատեսված է ավիացիայի, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների ոչնչացման
համար: Ս-400-ը կարող է կիրառվել նաեւ երկրային օբյեկտների դեմ: