Միջազգային հանրությունը ցանկանում է պահպանել միջուկային համաձայնագիրը
Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն իր ճապոնացի պաշտոնակցի՝ Տարա Կոնոյի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի գործողությունները և այն, թե ինչպես պահպանել 2015թ. «միջնորդ վեցյակի» հետ կնքված միջուկային համաձայնագիրը, եթե միջազգային հանրությունը ցանկանում է աջակցել դրան, գրում է IRNA գործակալություն:
«Հանդիպման ընթացքում ես պարզաբանեցի, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում առճակատման, սակայն միշտ ամեն գնով պաշտանում է սեփական շահերը»,- ասել է Զարիֆը:
Նրա խոսքով՝ եթե միջազգային հանրությունը ցանկանում է պահպանել միջուկային համաձայնագիրը, պետք է իր վրա վերցնի Իրանի տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործողություններ իրականացնելու պատասխանատվությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շուտով Իրանը կցանկանա ամերիկյան վարչակազմի վարած մերձարևելյան «հզոր» քաղաքականությանն ի պատասխան բանակցություններ սկսել:
Հիշեցնենք, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց՝ այս տարվա մայիսի 8-ին, Իրանը հայտարարել էր համաձայնագրի շրջանակում իր ստանձնած որոշ պարտականությունների կատարման դադարեցման մասին: Սա Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային համաձայնագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է: