Կարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ:
Փայլանը հայտնել է, որ երեխայի ծնողը տեղյակ չի եղել, որ տղան մասնակցում է հաղորդմանը, առավել ևս, որ կրոնափոխ է արվելու, ուստի չէր կարող իր հավանությունը տալ: Պատգամավորը դիմումի մեջ նշել է, որ այդպիսով խախտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիրը, որ ստորագրել է նաև Թուրքիան:
«Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման ընթացքում տեղի ունեցածը ուղղակի մանկական շահագործում է: Հաղորդման ընթացքում 13-ամյա երեխայի իրավունքներն առ ոչինչ են համարվել, և նա իր ազգային ինքնության ու կրոնական հավատալիքի բերմամբ շահագործման է ենթարկվել»,- ասվում է դիմումի մեջ:
Հաղորդման ժամանակ, մինչև երեխայի կրոնափոխ լինելը, Նիհաթ Հաթիփօղլուն հայտարարել էր, որ ստացել են Արթուրի մոր համաձայնությունը, սակայն մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, հայտնել էր, որ որդին իսլամ է ընդունել առանց իր իմացության և համաձայնության:
Նրանք նաև կտրականապես հերքել էին, որ Արթուրը ուղիղ եթերում իսլամ է ընդունել։