Թուրինի քաղաքապետին փամփուշտով ծրար են ուղարկել
Իտալական Թուրին քաղաքի քաղաքապետ Կյարա Ապենդինոյին փամփուշտ պարունակող ծրար են ուղարկել:
«Վախեցնելու այդ փորձերը ոչ մի արդյունք չեն տա, ընդհակառակը՝ ոգեշնչում են ինձ քաղաքապետի աշխատանքը կատարել հստակ վճռականությամբ», - գրել է նա՝ կից հրապարակելով ծրարի և փամփուշտի լուսանկարը: Նրա խոսքով՝ անհայտ է, թե ով է դրանք ուղարկել և ինչ շարժառիթով:
Աղբյուրը նշում է, որ ապրիլի 1-ին Թուրինի քաղաքային խորհուրդ ծրար էր ուղարկվել՝ պարզունակ պայթուցիկ սարքով: Ծրարը նախատեսված է եղել քաղաքապետի համար, որն այդ պահին գտնվել է քաղաքապետարանի շենքում:
Ոստիկանների կարծիքով՝ պայթուցիկն ուղարկել են տեղի կարգազանցները, որոնք այդպիսով ցանկացել են իրենց բողոքը հայտնել ոստիկանության կողմից այսպես կոչված՝ «սոցիալական կենտրոններից» մեկի փակման դեմ:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ապենդինոն արդեն մի քանի ամիս ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում մի շարք սպառնալիքներ ստանալուց հետո: