1992 թվականից սկսած ԱՄՆ-ն 2 միլիարդի հասնող աջակցություն է տրամադրել Հայաստանին. ԱՄՆ դեսպան
Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ աշխատենք ՀՀ կառավարության հետ՝ բիզնեսի, ներդրումների համար նպաստավոր, կանխատեսելի եւ թափանցիկ միջավայր ձեւավորելու ուղղությամբ: Ու դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես ներդրողների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված իր դիրքորոշման մասին հարցին:
«Լիդիան»-ը այդ միջազգային ներդրողներից մեկն է եւ կարեւոր է, որ միջազգային ներդրողները գործեն նաեւ տեղի օրենքների համապատասխան: Այժմ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է գտնվում, արդյունքները կարեւոր են ու կարեւոր է նաեւ, որ նմանատիպ վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ եւ արդյունավետ կարգավորման»,- ասաց ԱՄՆ դեսպանը:
Հարցին՝ հայաստանյան հեղափոխությունից հետո հանրությունն ակնկալում է ԱՄՆ-ի զգալի աջակցությունը, ինչպես օրինակ Վրաստանում տեղի ունեցած վարդերի հեղափոխություննից հետո, սակայն մեծածավալ աջակցություն ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ն չի տեսնում, արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել աջակցությունը, թե դա կապված է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ՝ ինչպես օրինակ տեղի ունեցավ Վրաստանում, Թրեյսին պատասխանեց. «Նախ թույլ տվեք սկսել նրանից, որ ԱՄՆ-ն իր ամուր հանձնառությունն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին եւ տնտեսական զարգացումներին: 1992 թվականից սկսած ԱՄՆ-ն 2 միլիարդի հասնող աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ աջակցելու ՀՀ-ի անկախությանը եւ ինքնիշխանությանը: Մենք շարունակելու ենք ներդրում կատարել Հայաստանում եւ համաձայնագրերը, որ ստորագրվեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության համատեքստում՝ եւս փաստում են դա: Բացի 16 միլիոնի համաձայնագրերից մենք նաեւ հայտարարեցինք ԱՄՆ ՄԶԴ-ի մեկ այլ նախաձեռնության մեկնարկի մասին: 2-3 տարի տեւողությամբ մի ծրագիր, որն իր իրականացման առաջին տարում 6 միլիոն բյուջե կունենա: Մենք կշարունակենք ուսումնասիրել, դիտարկել, թե ինչ ոլորտներում է մեր աջակցության անհրաժեշտությունը զգացվում: Կարծում եմ նաեւ, որ մենք ունենք առողջ աջակցության բյուջե եւ աշխատում ենք այստեղ՝ մյուս դոնորների հետ համատեղ:
Մենք նաեւ համակարգում ենք աշխատանքները մյուս դոնորների հետ, որպեսզի այդ ռեսուրսներն արդյունավետ կերպով ծախսվեն եւ Հայաստանում մարդիկ վստահ լինեն, որ այդ միջոցները ծառայում են իրենց նպատակին»,- ասաց Թրեյսին:
Հարցին՝ խոսակցություններ կան, որ Փաշինյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում, ե՞րբ կարող է դա լինել, Թրեյսին պատասխանեց. «Այս պահին Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեմ հրապարակելու»:
Հարցին՝ իր ելույթում գրված է, որ Մինսկի խմբի գործընթացն այսօր, առավել քան երբեւէ, ոգեւորիչ է, ինչո՞ւ է այդպես, ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «Այո, գործընթացը ոգեւորիչ է, քանի որ բարձր մակարդակի հանդիպումներում նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ արդյունքում մենք նաեւ նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում եւ այլ ազդակներ, որոնք դրական են»:
Հարցին, թե ե՞րբ կարող է լինել հանդիպում ՀՀ վարչապետի եւ Դոնալդ Թրամփի միջեւ, ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «Այս պահին որեւէ տեղեկություն այդ մասով դեռեւս չկա: Ես կուզեի անդրադարձ կատարել անցած շաբաթ այստեղ գտնվող պետաքարտուղարի փոխտեղակալ Քենթին, ով իր խոսքում նշեց, որ մեր հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չէ, որ գնահատվում է: Ու անցած շաբաթ տեղի ունեցած այդ երկխոսությունը, ԱՄՆ-ի ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը, կարծում եմ, փաստում է մեր գործակցության եւ մեր համատեղ աշխատանքի շուրջ երկկողմ հանձնառության մասին»: