Ահաբեկչության փորձ՝ Թուրքիայի խորհրդարանի շենքում
Թուրքիայի անվտանգության ծառայությունը կանխել է երկրի խորհրդարանի շենքում պատրաստվող ահաբեկչությունը, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ահաբեկչությունը փորձել են իրականացնել «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» ձախակողմյան արմատական շարժման անդամները:
Ավելի վաղ TRT-ն հաղորդել էր, որ երկու մարդ է ներխուժել խորհրդարանի այցելուների դահլիճ և փորձել աշխատակիցներին պատանդ վերցնել: Անվտանգության ուժերը կարողացել են ժամանակին չեզոքացնել նրանց գործողությունները: Նրանց վրա փակցված են եղել տուփեր, որոնց նման են եղել ռումբերի:
««Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցության» անդամների՝ խորհրդարանում ահաբեկչություն կատարելու գործողությունը փորձ է` թիրախավորել ժողովրդին: Շնորհավորում եմ անվտանգության ուժերին, ովքեր կանխել են ահաբեկչությունը: Ահաբեկիչների բոլոր կապերը կպարզվեն, նրանք պատասխան կտան: Թուրքիան ոչ մի շանս չի տա ահաբեկչական կազմակերպություններին»,- գրել է Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի հաղորդակցության հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆահրեդդին Ալթունը իր թվիթերյան էջում: