Իրանի դեմ պատերազմը «հենց այն է, ինչ ուզում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Իրանի դեմ պատերազմը «հենց այն է, ինչ ուզում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Թուլսի Հաբարդը։
«Թրամփն ասում է, թե Իրանի հետ պատերազմ չի ուզում, սակայն դա հենց այն է, ինչ ուզում է Սաուդյան Արաբիան, Նեթանյահուն, «Ալ Քաիդան», Բոլթոնը եւ մյուս նեոպահպանողականները»,- հայտարարել է 2020թ․ ընտրություններում նախագահի թեկնածուն։ «Ահա, թե ինչ է նա դրել առաջին տեղում, ոչ Ամերիկային»,- գրել է նա Twitter-ում
Նրա թվիթը հայտնվել է այն բանից անմիջապես հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Սպիտակ տան պաշտոնյաներին ներկայացրել է Մերձավոր Արեւելք 120 000 զինծառայող ուղարկելու առաջարկությունը, որը ստացել է ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի աջակցությունը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը ավիակիր եւ չորս ռմբարկու էր ուղարկել Մերձավոր Արեւելք՝ հիմնավորելով, որ Իրանը իբր գրոհներ է պատրաստում տարածաշրջանում ամերիկյան եւ նրանց դաշնակիցների շահերի վրա։
Պատասխանելով Իրանում իշխանության հնարավոր փոփոխության մասին հարցին՝ Թրամփը ասել է․ «Տեսնենք, ինչ կլինի Իրանի հետ։ Եթե նրանք ինչ-որ բան անեն, դա շատ մեծ սխալ կլինի»։