Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահը ցանկություն ունի ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության աշխատանքներում
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։
Ռեն Հոնգհենգը, նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ այն Չինաստանի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է ճանապարհաշինության, թունելների եւ կամուրջների կառուցման ոլորտում: Չինաստանում ներկայում կառուցված արագընթաց ճանապարհների 15 տոկոսից ավելին կառուցվել է իրենց ընկերության կողմից։ Ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ` Եվրոպայում։
Ռեն Հոնգհենգը ընդգծել է, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով, մասնավորապես, ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության աշխատանքներում։
Հակոբ Արշակյանը մանրամասնել է «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման, մասնավորապես, Սիսիան-Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության առանձնահատկությունները, ընդգծել, որ այդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ է բարձր մասնագիտացում ունեցող ընկերություն։
«Հյուսիս-հարավը» դիտարկվել է որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ»-ի՝ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնող հատվածի մի մասը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։ Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ գործակցությունը կլինի արդյունավետ եւ հեռանկարային: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։