Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայողը տեղափոխվել է Բաքու
Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է Բաքու և հանձնվել պաշտպանության նախարարությանը: Այդ մասին այսօր` շաբաթ օրը, Թրենդ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների գործով զբաղվող պետական հանձնաժողովի քարտուղար Շախին Սաիլովը:
Նրա խոսքով` հաջորդ շաբաթ կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և Հակոբի հանդիպումը: Կարմիր խաչի ներկայացուցիչները կճշտեն Հակոբից, ցանկանում է Հայաստա՞ն վերադառնալ, թե՞ տեղափոխվել մի երրորդ երկիր:
«Ճշգրտված է, որ զինծառայողը մոլորվել է և հատել հայ-ադրբեջանական սահմանը»,-նշել է Սաիլովը:
Նրա խոսքով` քանի որ զինծառայողի մոտ փաստաթղթեր չեն եղել, միայն հայտնի է նրա ազգանունը` Ինջիղուլյան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը (ծնվ. 1991թ) նախնական տվյալներով մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից պաշտպանվող տարածքում: