100-ից ավելի թանգարանների մուտքն անվճար կլինի մայիսի 18-ին
ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը:
Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների և բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի էլ Հայաստանի և Արցախի թանգարաններն այցելուներին կներկայանան բազմաբովանդակ ծրագրերով՝ բացահայտելով նոր էջեր հավաքածուների և պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։
Մայիսի 18-ին` ժամը 11:00-ից 24:00-ն Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար:
Մայիսի 18-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: