Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել
Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել։Այդ մասին azatutyun-ն ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - նշել է Հայաստանի վարչապետը։
Մեր հարցին՝ այսօր խոսե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն արձագանքել է. - «Այո, կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»:
Հարցին էլ՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանեց. - «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։
Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ: