Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 13-ին, Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից:
Ընթրիքին ներկա են եղել նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի եւ Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը, ովքեր Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից են:
Միջոցառման ընթացքում Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արեւելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաեւ առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին: